Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Վատ հայեր մի փնտրեք, հիացեք լավերով». ՄՈՆԹԵ

«Վատ հայեր մի փնտրեք, հիացեք լավերով». ՄՈՆԹԵ
12.02.2016 | 11:48

Հայրենասիրության մասին խորհելիս հոգիդ փոթորկում են նժդեհյան հայրենապաշտ պատգամները։ Յուրաքանչյուր հայ, առավել ևս պետական ու քաղաքական գործիչ, մտավորական ամենօրյա սեղանի գիրք պետք է դարձնի մեծ հայի հայրենաշունչ, խոհափիլիսոփայական գաղափարներով տոգորված գրքերը: Հաճախակի թերթելով և ի միտ առնելով այդ պատգամները, գուցե թե յուրաքանչյուր ոք կամաչի հայրենիքի, ժողովրդի համար իր չարածի և անազնիվ, անխիղճ արածի համար: Ոմանք նրա սրբազան գաղափարները ռասիզմ, նույնիսկ ֆաշիզմ են անվանում` ելնելով ցեղակրոն գաղափարի թյուր մեկնաբանությունից. 20-րդ դարի մեծագույն հայը ցեղի` Հայկի, Արտաշեսի, Տիգրանի, Մաշտոցի, Խորենացու, Աբովյանի, Թումանյանի, Անդրանիկի, Դումանի, մեր օրերում` Մոնթեի, Ազգալդյանի, Կրպեյանի, Դևի (Դավիթ Սարապյան), Վազգեն Սարգսյանի հայրենաշունչ, հերոսական, ստեղծագործ ոգին է պատգամել: Երանի թե այսօր յուրաքանչյուր հայ առաջնորդ, պատգամավոր, իշխանավոր, քաղաքական գործիչ այս ոգով ապրեր ու գործեր: Այդ պարագայում մեր փոքրիկ հայրենիքը ավելի կհզորանար, կծաղկեր, չէին լինի ծայրահեղ աղքատներ ու անտուններ, ծով հարստության տիրացած օլիգարխները, իշխանավորները, պատգամավորները, այո՛, ապրելով չափավոր բարեկեցիկ, հարմարավետ ու ապահով, իրենց վիթխարի կապիտալները կծառայեցնեին Հայաստանի, Արցախի ծաղկմանն ու հզորացմանը: Եվ տեղին է հնչում ճոխության մեջ ապրող պատգամավորին ուղղված հարցը. «Ինչպե՞ս է, որ մեկն ունի ամեն ինչ, շատերը` ոչինչ»: Դեռ 700 տարի առաջ Ֆրիկն էլ է ասել. «Մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի»: Ցավոք, այսօր էլ է այդպես, և հարգելի պատգամավորը այդ հարցին պատասխան չուներ...
Մի՞թե արդարացի է, որ յուրաքանչյուր իշխանավոր, պատգամավոր, օլիգարխ ապրում է բացառիկ ճոխության պայմաններում, այն պարագայում, երբ երկրաշարժից 28 տարի անց էլ դեռ հարյուրավոր ընտանիքներ Գյումրիում, Վանաձորում, շրջակա գյուղերում ապրում են խղճուկ տնակներում. երբ Հայաստանի և Արցախի մի շարք գյուղերում խմելու ջուր չկա, և հայ կինը կիլոմետր ճանապարհ է անցնում մի դույլ ջուր տուն տանելու համար, երբ հայ երիտասարդը, աշխատանք չունենալով, արտագաղթում է` առաջացնելով ժողովրդագրական, նաև զինծառայության, այսինքն` հայրենիքի անվտանգության խնդիրներ:
Ավելին, իշխանավորները, պատգամավորներն ու օլիգարխները կառուցում են միլիոնավոր դոլար արժողությամբ դղյակներ` բարձրաբերձ պարիսպներով, կենդանաբանական այգով (առյուծներին, վագրերին, ցուլերին, ձիերին կերակրելու համար օրական մեծ գումարներ ծախսելով), չմտածելով` Հայաստանը, Արցախը վտանգի մեջ են, ապրել մի քիչ համեստ, վիթխարի միջոցները տրամադրել հայրենիքի անվտանգության, աղետալի արտագաղթը կանխելու, Արցախն ու ազատագրված տարածքները բնակեցնելու գործին, որ թուրք-ազերիական ջարդարարների մտքով էլ չանցնի երազել դրանց վերադարձի մասին: Չէ՞ որ, պարոնա՛յք, եթե մենք կորցնենք Արցախը, թեկուզ ազատագրված տարածքները, ապա Հայաստանն էլ, Արցախն էլ կհայտնվեն մշտական լրջագույն վտանգի առաջ, այդ պարագայում ի՞նչ եք անելու, թաքնվելու եք ձեր դղյակներո՞ւմ։
Հազար տարի առաջ հայ «անիմաստասեր» իշխանները, զանազան թագավորիկներ ապրում էին իրենց մեկուսացած դղյակներում, գավառներում, չմտածելով հայրենիքի միասնության, հզորության, պաշտպանության մասին, արդյունքում` զրկվեցին իրենց ունեցածից, ժողովուրդն էլ` հայրենիքի 9/10-ից: Ակնհայտ է, ինչպես այն ժամանակ, այնպես էլ, ցավոք, այժմ, մենք` հայերս, «ձգտում ենք ապրել ներկայով, չկերտելով ապագան»: Պարոնա՛յք, քանի ուշ չէ, տնտեսապես, տեխնիկապես, բարոյապես, համերաշխությամբ, հայրենապաշտությամբ զորացրեք հայրենիքը, որ ապագայում ձեր զավակներն էլ, թոռներն էլ ապրեն ապահով երկրում։ Հիշեք, թե ինչ եղավ 100 տարի առաջ, երբ Զմյուռնիայի հայ վաճառականների, մեծատունների վիթխարի հարստությունը չծառայեց հայությանը, հայրենիքին, ինչպես Նժդեհն էր ցավով արձանագրում, որով կարելի էր գնել եվրոպական ողջ դիվանագիտությունը` ի շահ մեր ժողովրդի: Այդպես տմարդի վարվեցին նաև արևմտահայ վաճառականները, մեծատունները, իրենց կուտակած ոսկիները թուրքի, քրդի, չերքեզի բաժին դարձնելով` փոխանակ զինեին հայ երիտասարդությանը:
Պարոնա՛յք, բարոյական չէ, երբ Հայաստանը, Արցախը վտանգի մեջ են (թերևս դուք համաձայն չե՞ք այս տագնապին, լավ խորհեք), միլիոնավոր դոլարներ եք կուտակում հայրենի և օտար բանկերում, երկնամերձ շքեղ դղյակներ կառուցում` բոլորովին չամաչելով աղքատ, արտագաղթող ժողովրդից։ Ավելին, որոշ օլիգարխներ համապատասխան հեռուստաընկերությամբ ցուցադրվող «կատակերգությունում» ներկայանում են պարզապես որպես Գրիգոր աղա (Վրթանես Փափազյան, «Ժայռը»)` իրենց ունեցած-չունեցածը մի կերպ խարջող գյուղացիներին էլ ներկայացնելով որպես Բաղդասար ամի, Զաքար ամի, Մարտիրոս ամի: Բայց «կատակերգությունն» ավելի զավեշտալի է դառնում, երբ որոշ եսակենտրոն մտավորականներ փառաբանում են օլիգարխին` մեծասիրտ անվանելով: ՈՒնկնդրում ես այդ փառաբանական «կատակերգությունը» և չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս... Պարոնա՛յք, բարեգործությունը հարկ է անել լուռումունջ, առանց աշխարհով մեկ գոռալու, գովազդելու, առանց փառաբանվելու, մանավանդ եթե անդրադառնանք, թե ինչ ճանապարհով եք տիրացել ծով հարստությանը և որքանով եք այն ծառայեցնում դեռևս տառապյալ հայրենիքին, որին չորս կողմից վրա են տվել աշխարհին միայն չարիք բերող թուրք-ազերիները, նաև երախտամոռ բարեկամները, որոնց անբարոյական կիրիլները, բորզովաները, գուսմանները քնած մարդուն կացնահարող, մարդատյաց ժողովրդի գլխով են երդվում...
Սուրեն Շահվերդյան, հարգելիս, թերևս չարժե մեր աղքատ հանրությանը ներկայացնել իշխանավորների, պատգամավորների, օլիգարխների ծով հարստությունը. ախր ազնիվ հայ մարդիկ, այդ ամենը տեսնելով հեռուստաէկրանին, պարզապես ամաչում են իրենց աղքատ վիճակից, զարմանքից գլուխներն են օրորում և դառնորեն խորհում` արդյո՞ք այդ մեծահարուստները երբևէ հաշվետու են իրենց խղճի առաջ, Աստծո առաջ` իրենց մեղավոր հոգու փրկության համար երեսպաշտորեն կառուցելով եկեղեցիներ` մսխելով վիթխարի միջոցներ։
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանին էլ կոչ ենք անում այլևս չանդրադառնալ իշխանավորների միլիոնավոր դոլար արժողությամբ դղյակներին և ծով հարստությանը, թե չէ աղքատության դուռը հասած ժողովուրդը հուսալքվում է դառն իրականությունից և ընտանիքներով լքում այս փոքրիկ հայրենիքը:
Հարգելի Սուրեն, եթե այսուհետև դարձյալ այցելես մեծահարուստների դղյակներ, խնդրում եմ նրանց նվեր տանես Ռափայել Պատկանյանի «Հայերուս թուքը» և «Վարդապետարան Հայաստանի ազատագրության»` 127 տարի անց էլ, ցավոք, նույն ուժով հնչող մարգարեական գործերը: Հարգելի Փաշինյան, թերևս Դուք էլ այդ մարգարեական գործերը բազմացնեք և խորհրդարանում բաժանեք պատգամավորներին, նախարարներին ու զանազան իշխանավորների, գուցե թե ի միտ առնեն և ի շահ հայրենիքի ու Արցախի ծառայեցնեն իրենց ծով հարստություւնը: Մի բան էլ. հարգելի Փաշինյան, խորհրդարանում առաջարկեք` այսուհետ պատգամավորները, իշխանավորները ունեցվածքի, կապիտալի հայտարարագրեր չներկայացնեն, ախր շարքային, աղքատ քաղաքացիներն այդ ամենը կարդալով, ունկնդրելով շատ են հուսալքվում կեղծիքից ու անարդարությունից... Իշխանավորներից մեկը, ըստ հայտարարագրի, ունի 6 մլն դոլար կապիտալ. պարզ հաշվարկով, եթե նա ամսական 20 հազար դոլար եկամուտ ունենար, ապա նման կապիտալ կուտակելու համար (չհաշված ստվերում եղածը), հարկ կլիներ աշխատել 25 տարի։
«Վատ հայեր մի փնտրեք, լավերով հիացեք»` պատգամում է Մոնթեն։
Հիացմունքի արժանի հայեր շատ կան, լավագույններ՝ սակավ, թե անցյալ դարերում, ցավոք, թե այսօր: Առավել հիացմունքի արժանի հայորդիներն են, որ չեն ձգտել միայն ներկայով ապրել, այլ ձգտել են հայրենիքի ապագան կերտել, Հայկի դրախտային 15 աշխարհներից մի աշխարհ փրկել բոլշևիկա-թուրք-ազերիական ոհմակից, ինչպես առասպելական հերոսությամբ դա արեց Նժդեհը, ինչպես արեցիք դուք` փառապանծ հայորդիներ Մոնթե, Վազգեն, Կրպեյան, Ազգալդյան և շատ ուրիշներ։
Հայրենիքն է սրբություն սրբոց. նրա անվտանգությունը, գոյությունը ապահովելու համար կա միայն մի սրբազան պայման` ազգովին լինել հայրենապաշտ, ժողովրդապաշտ, ինչպես, ցավոք, չեղանք անցյալ դարերում և կորցրինք դրախտի 9/10-ը: Բայց պարտավոր ենք լինել այսօր, որ ոչ միայն պահպանենք եղածը, այլև հետ բերենք կորցրածը. «Անհայրենասեր ժողովուրդը, եթե ոչ այսօր, ապա վաղը կմնա անհայրենիք» (Նժդեհ): Ազգերի մեջ միայն ճապոնացին է ասել. «Եթե խորապես գիտակցենք, որ սերը դեպի հայրենի երկիրն ու ժողովուրդը ավելի մոտ է կանգնած մեծ ու գեղեցիկ արևին, քան մեր հայրենիքի ամենաբարձր լեռները, այն ժամանակ մահը մեզ համար թռչունի փետուրից էլ թեթև կթվա»: Հիշեցնում է Նժդեհին:
Հայրենապաշտությունը սրբազան առաքելություն է: Այն պետք է շողա, գործի յուրաքանչյուր պարագայում, յուրաքանչյուր քայլափոխի` տան դռան շեմից մինչև փողոց, հրապարակ, զբոսայգի, քաղաք ու գյուղ, լեռներ ու անտառներ, գետեր ու լճեր (մանավանդ Սևանա լիճ, որը մեր ապագա մեծագույն հարստությունն է)։
Գոհունակությամբ հարկ է արձանագրել, որ մի շարք գրողներ, հրապարակախոսներ, մշակութաբաններ` Զ. Բալայանը, Մ. Տեր-Գուլանյանը, Խ. Դադայանը, Դանիել Երաժիշտը, Ռ. Հայրապետյանը, Կ. Միքայելյանը, Ս. Հովսեփյանը, Ա. Հակոբջանյանը մամուլում պարբերաբար հրապարակվող իրենց հայրենաշունչ, մտահոգություն արթնացնող հոդվածներով հանրությանը ճանաչելի են դարձնում հայրենի բնաշխարհը, մշակույթը, հասարակական-քաղաքական կյանքը: Իհարկե, Կարեն Միքայելյանը ճշմարիտ է նկատել։ «Հրապարակախոսությունը իմաստ ունի, եթե հասարակարգը քաղաքացիական է, և հասարակական կարծիքը կարող է ազդեցություն ունենալ իշխանությունների վրա, երբ նրանք որոշումներ են ընդունում, առավել ևս, եթե այդ որոշումները և դրանց իրագործումը կարող են ճակատագրական լինել երկրի և ժողովրդի համար»:
Արդյո՞ք դպրոցներում պատմության, աշխարհագրության, հայոց լեզվի ու գրականության դասաժամերին անհրաժեշտ ուշադրության է արժանանում հայրենասիրական դաստիարակությունը, հայրենի բնաշխարհի ճանաչողությունը. այս առումով շատ գնահատելի և ուսանելի է «Հայ ասպետ» հեռուստահաղորդաշարի կազմակերպիչների հայրենանվեր աշխատանքը, ոչ միայն դպրոցականներին, այլև երիտասարդ զինվորներին հայրենապաշտությամբ դաստիարակելու, հայրենի բնաշխարհը ճանաչելի դարձնելու գործում:
«Հայրենիքը սիրելը բավարար չէ, այն պետք է պաշտել,- պատգամում է Գարեգին Նժդեհը, ապա շարունակում.- Հայրենասիրությունը ժողովրդին ներշնչում է առաքինություններ, որոնցով նրանք դառնում են և մնում ապահով ու հարգված», այսինքն, հայրենասիրությամբ տոգորված մարդիկ դառնում են ամենաիսկական քաղաքացիներ:
Ռուս գրող, մեծ մտավորական Դանիիլ Գրանինը մտահոգությամբ բարձրաձայնում է. «Դպրոցը վերածել են գիտելիքների աղբյուրի և ոչ թե մարդու դաստիարակության»։ Իսկ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, հասարակական գործիչ Անդրեյ Կոնչալովսկին, կարծես արձագանքելով Գրանինին, ընդգծում է. «Կան լավ կրթված մարդիկ, ովքեր այնքան էլ լավ մարդիկ չեն. գիտելիքները դեռ չեն խոսում այն մասին, որ մարդն ընդունակ է բարիքներ գործելու: Բնակչությունը շատ է, քաղաքացիները այնքան էլ շատ չեն»: Իսկ եթե այս ամենին ավելացնենք Թումանյանի գնահատականը. «Ոչ մի պաշտոն, ոչ մի կոչում չի կարող հավասարվել, համեմատվել մարդ կոչման հետ»: Թերևս որքա՜ն արդիական է դպրոցում արժանավոր մարդ, քաղաքացի դաստիարակելը, որն իրոք ընդունակ լինի բարիքներ գործելու, հայրենիքի ապագան կերտելու և ոչ թե կյանք ուղարկելու անգիր անող, անտարբեր, անհոգի ռոբոտներ:
Այո՛, անտարբեր, քանզի արդյո՞ք քաղաքացիական ոգու, հայրենասիրության պակաս, գուցե բացակայություն չէ, երբ հայ մարդը, նույնիսկ հայ տիկինը անխղճորեն աղբը նետում է փողոցում` որտեղ պատահի, նույնիսկ տան լուսամուտից, նաև գետերն ու լճերը, և ականատեսներից ոչ մեկը վերաբերմունք չի դրսևորում. երբ աղավաղում, անտեսում են հայ երգն ու երաժշտությունը, մշակույթը, հուշարձանները: Տարօրինակ չէ՞, թուրք-ազերիական կլկլոցով հայի հոգին պղտորողին պետականորեն վաստակավորի կոչում են տալիս, և համապատասխան հեռուստաալիքը հաճախակի, այն էլ մի քանի ժամ եթեր է արձակում այդ անճաշակությունը. երբ բոլոր քաղաքային, միջքաղաքային ավտոբուսներում, տաքսիներում հնչում են այդ «վաստակավորների» և թուրք-ազերիական կլկլոցները, անգլոսաքսոնական, ֆրանսիական, լատինաամերիկյան ամեն տեսակի երգ ու երաժշտություն, բայց ոչ մի հայկական:
Հապա մեր ազգային արժանապատվությո՞ւնը։ Չէ որ մենք ունենք գուսանական, ժողովրդական, դասական հրաշալի երգ ու երաժշտություն: Հապա անցուդարձ անող քաղաքացիներին (ոչ երաժիշտներին) հարցում արեք` երբևէ ունկնդրե՞լ են, ասենք, մեր օպերաների հոգեպարար մեներգերը, Սպենդիարյանի «Երևանյան էտյուդները», «Ղրիմի էսքիզները», Արամ Խաչատրյանի, Ն. Տիգրանյանի հոգեզմայլ մեղեդիները, ժամանակակից կոմպոզիտորների հանրամատչելի գործերը. հապա անզուգական Կոմիտա՞սը: Հարցում արեք հազարավոր վարորդ հայրենակիցների` երբևիցե ունկնդրե՞լ են Կոմիտասի «Շողեր ջան», «Քելեր, ցոլեր», «Ծիրանի ծառ», «Չինար ես», «Սոնա յար» և հոգի ազնվացնող բազում այլ երգեր, չքնաղ մեղեդիներ, որոնք կարելի է անվերջ ունկնդրել:
Բացարձակ անտարբերություն, ի՜նչ ազգային արժանապատվություն, երբ հյուրանոցները, ռեստորանները, տաքսի ծառայությունները գրանցված են հիմնականում օտար անվանումներով:
Այո՛, Մոնթե, հիանանք լավ հայերով, հպարտանանք լավագույններով: Իսկ վատ հայերին, հայրենիքի դավաճաններին, որոնք ժամանակ առ ժամանակ ասպարեզ են գալիս, մեծագույն, երբեմն անդառնալի վնաս պատճառելով հայրենիքին, հայությանը... Այդ մարդուկները ազգադավ, հայրենակործան դերակատարում են ունեցել հայության կյանքում` վասպուրականավաճառ սենեքերիմներ, անիավաճառ գետադարձներ ու վեստսարգիսներ... 1914 թ. հնչակյան խիզախ հայորդիներին, որոնք նախապատրաստվել էին ոչնչացնելու երիտթուրք դահիճներին, մատնող հայ տականքը... և 20 հերոսները 1915 թ. ապրիլին կախաղան հանվեցին Ստամբուլում:
Իսկ մեր օրերի` 1999 թ. հոկտեմբերի 27-ի հայադավ մարդուկները... Հաստատակամ, վճռական, խիզախ ու հայրենապաշտ Վազգեն Սարգսյանը, փորձառու, խոհեմ, հավասարակշիռ, ժողովրդական մեծ հեղինակություն վայելող Կարեն Դեմիրճյանը հասարակական-քաղաքական համերաշխության, միասնության, պետականության ամրապնդման ու հզորացման ինչպիսի՜ առաջնորդներ էին։ Ահա թե որքա՜ն ճակատագրական է վատ-վատագույն հայի դերակատարումը: Եղան նաև սև ուժեր, որոնք գլխապատառ որոշումով վերացրին մահապատիժը, և այսօր հայրենիքի դավաճան այդ մարդուկները հայրենի հացն են ուտում, ջուրն են խմում, օդն են շնչում։ Ինչո՞ւ: «Հայրենիքի դավաճան լինելու համար պետք է ունենալ հոգու արտակարգ ստորություն» (Չեռնիշևսկի):
Ցավոք, այսօր էլ կան հայրենադավներ, որոնք, ստորաբար նեղացած հայրենիքից, սիլի-բիլի են անում մոլի հայատյաց, մարդատյաց ազերի բահրամների, ազգայնամոլ, հայատյաց մարխուլիաների հետ: Այսօր էլ տեղին է հնչում Թումանյանի խոսքը. «ՈՒրիշ ճանապարհ չկա, ներսից է փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»:
Մոնթե, երանի՜ այսօր Հայաստանում ապրեին ու գործեին հիացմունքի արժանի հազար մեծահարուստներ, հազար պետական, հասարակական-քաղաքական գործիչներ ու մտավորականներ, այդ պարագայում քո հայրենիքում չէին լինի ծայրահեղ աղքատներ, գործազուրկներ, անտուններ, հայրենիքը լքողներ, չէին լինի հասարակական-քաղաքական այսքան թշնամություն ու ատելություն։ Իսկ ինքդ ողջ էությամբ մարդկայնություն էիր, խիզախություն, նվիրվածություն, համեստություն։ Փառք ու պատիվ քեզ ու քո հերոս զինակիցներին, փառք ու պատիվ Եռաբլուրում հավերժ ննջող մեր հերոսներին։


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 3361

Մեկնաբանություններ